HELP LINE: 099 88 78 08
wsc

Ընտանեկան բռնություն

 

Ընտանեկան բռնության դինամիկան տարբերվում է բռնության այլ տեսակների դինամիկայից, քանզի զոհը բռնության է ենթարկվում մի մարդու կողմից, ում նա սիրում և վստահում է: Ընտանեկան բռնությունը երկարատև բնույթ է կրում՝ ստեղծելով իրավիճակային կախվածություններ, որոնք դժվարացնում են զոհի՝ բռնարարից հեռանալու հնարավորությունները: Բռնարար հարաբարությունների մեծ մասը հենց սկզբից չեն սկսվում բռնությամբ:

Ընտանեկան բռնությունը ժամանակի ընթացքում աստիճանաբար ավելի ուժգին դառնալու միտում ունի: Ընտանեկան բռնությամբ ավարտվող հարաբերությունները սովորաբար սկսվում են որպես առողջ և երջանիկ հարաբերություններ: Իրականում, բռնության զարգացման պրոցեսն է, որ բարդացնում է վերապրողի՝ բռնարարի հանդեպ ունեցած զգացմունքներն ու դժվարացնում է հեռանալը կամ օգնության դիմելը:


Վկայություն -1

«Մեր ամուսնություն սկզբում ամեն ինչ նորմալ էր, իրար շատ էինք սիրում։ Չեմ հիշում՝ կոնկրետ երբ սկսվեց, բայց նա անտեղի նյարդայնանում ու տրամադրությունը գցում էր։ Ամեն ինչ փորձում էի անել նրա ուզածը կատարելու համար, բայց ոչինչ կարծես չէր ստացվում։ Մտածում էի, որ հենց երեխա ունենանք, մեզ դա կմերձեցնի, բայց երբ հղի էի, ինձ վրա շատ ուժեղ զայրանում էր, ասում էր, որ միայն երեխայի մասին եմ մտածում։ Սկսեց ինձ հարվածել, նույնիսկ փորիս էր հարվածում։ Շատ տխուր էի ու վախեցած, որ երեխային կկորցնեմ, բայց հանկարծ տուն էր գալիս ծաղիկներով ու ներողություն խնդրում։ Նրան սիրում էի, ու երբ ներողություն էր խնդրում, հավատում էի իրեն։ Կարծում էի, թե ամեն ինչ կհարթվի, բայց ավելի ու ավելի վատ էր դառնում։ Տարիների հետ ծեծը ավելի ու ավելի ուժեղանում էր ու հաճախակի դառնում։ Չգիտեի՝ ինչու էր ինձ ծեծում, փորձում էի հասկանալ, բայց կարծես միշտ մի անսպասելի բան կար, որից նա հանկարծ պայթում էր։ Չեմ կարողանում հիշել։ Մի անգամ այնքան ուժեղ էր ծեծել, որ չէի կարողանում խոսել, շրթունքներս ու աչքերս ուռել էին։ Սկսեց աղաչել, որ ներեմ իրեն, ասաց, որ կփոխվի, որոշ ժամանակ ինձ չափազանց լավ էր վերաբերվում, երեխաներին նվերներ էր բերում, տանը օգնում էր։ Մտածում էի՝ միգուցե վախեցե՞լ է, որ կարող էր ինձ սպանած լինել կամ ես իրենից կհեռանայի։ Նույնիսկ սկսեցի իրեն խղճալ, որովհետև շատ էր իրեն կորցրել։ Իսկ ես չգիտեի, թե ինչ անեմ, ամաչում էի որևէ մեկին մի բան ասել։ Մտածում էի հեռանալու մասին, բայց ո՛չ փող ունեի, ո՛չ էլ գնալու տեղ։ Մտածում էի, որ երեխաներին հայր է պետք։ Բայց նրանք էլ էին վախեցած։ Մեծ աղջիկս հինգ տարեկանում սկսեց գիշերները տակն անել։ Զգում էի, որ հորից շատ է վախենում։ Հույս ունեի, որ գոնե վերջին ծեծը իրոք վերջինը կլինի, բայց կարծես ամեն ինչ նորից էր սկսվում։ Նրա բարիությունը չքացավ, զոռով սեռական գործողություն էր անում՝ նույնիսկ երբ ես ինձ լավ չէի զգում, մի անգամ էլ՝ նույնիսկ բարձր տաքություն ունեի։ Մի օր էլ՝ ինը տարվա ամուսնությունից հետո սպառնաց, որ կսպանի ինձ, խոհանոցից դանակը վերցրեց ու պահեց վրաս։ Մտածում էի, թե կմեռնեմ։ Ու հենց այդ պահին գիտակցեցի, որ պետք է հեռանամ։ Նա անկառավարելի էր դառնում, իսկ ես չգիտեի ինչ կկատարվի հաջորդ քայլին։ Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես եմ իրեն սիրել, երբեմն իրոք զգում եմ դա։  
Անահիտ, 33 տարեկան

Անահիտի պատմությունը ցույց է տալիս, որ բռնությունը հաճախ շատ ավելի բարդ հարաբերությունների մաս է կազմում, որտեղ կան դրական ու սիրալիր պահեր, որոնք շփոթեցնում և շահարկում են բռնության ենթարկված կանանց՝ դժվարացնելով բռնարարին լքելը՝ հատկապես երբ կան համատեղ երեխաներ և ֆինանսական կախվածություն: